BeECO ծրագրի Կլոր սեղան-քննարկումներ Երևանում, 2022 թ. ապրիլի 28-29-ին

BeECO ծրագրի Կլոր սեղան-քննարկումներ Երևանում, 2022 թ. ապրիլի 28-29-ին

2022թ. ապրիլի 28-ին և 29-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց երկու կլոր սեղան-քննարկում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Առաջին օրվա կլոր սեղան-քննարկման բացման խոսքով հանդես եկան ծրագրի պատասխանատուները և Սևծովյան ավազանի ծրագրերի հայաստանյան ազգային համակարգող Աստղիկ Հայրապետյանը։ Միջոցառմանը հանդես եկան Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, դասախոս Հարություն Ալպետյանը՝ «Թափոնների վերաբերյալ հիմնական նախաձեռնությունները Հայաստանում» թեմայի,  «Հետք» հետաքննող լրագրող, փորձագետ Սառա Պետրոսյանը՝  «Պարենային անվտանգություն, կոյուղաջրեր և կապը բնակչության առողջության հետ»  թեմայի ներկայացմամբ։ «Ուրբան» հիմնադրամի աշխատակից Սամվել Նազարյանը ներկայացրեց  թափոնների վերամշակման հայաստանյան փորձը։

«Շրջակա միջավայր և առողջություն» հկ-ի հիմնադիր Լիանա Մարգարյանը խոսեց ջրային ռեսուրսների և Սևանա լճի հիմնախնդիրների մասին։ «Plug.am» ծրագրի նախաձեռնող Կարեն Դերձյանը ներկայացրեց ծրագրի իրականացումն ու արդյունքները Հայաստանում։

Միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկերներ Ռումինիայից, Մոլդովայից և Վրաստանից։ Ռումինիայի ներկայացուցիչ BeECO ծրագրի ղեկավար Ադրիան Բուտան ներկայացրեց Ռումինիայի Գալացի համայնքի շրջակա միջավայրի ներկա վիճակը և խոսեց վերամշակման ձեռնարկությունների մասին։ Մոլդովայի գործընկեր կազմակերպության ներկայացուցիչը կիսվեց  Մոլդովայի Կահուլի շրջանի կոշտ թափոնների կառավարման խնդիրներով ու լուծումներով։

Միջոցառումներին  մասնակցեցին ՀՀ տեղական և ազգային պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։