Քաղաքացիական լրագրության դասընթաց

Քաղաքացիական լրագրության դասընթաց

Տեղեկատվությունը հզոր գործիք է, հատկապես նկատի ունենալով ժամանակակից լրատվամիջոցների տրամադրած լայն հնարավորությունները։ Քաղաքացիական լրագրությունը կենսական է համայնքի խնդիրները բարձրաձայնելու համար։

Ուստի, Արարատի և Արմավիրի մարզի երիտասարդները մարտի 5-ից 7-ը մասնակցեցին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպած քաղաքացիական լրագրության դասընթացին՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ և մասնակցային օգտագործում» և «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:

Այս դասընթացի նպատակն էր շահակիր համայնքների երիտասարդ ներկայացուցիչներին սովորեցնել, թե ինչպես հավաքել, հաղորդել, վերլուծել և տարածել լուրեր և տեղեկություններ ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ օգտագործելով նոր մեդիա տեխնոլոգիաները։ 
Գործնական առաջադրանքներն ու դերային խաղերն օգնեցին դասընթացի մասնակիցներին առավել պատրաստ լինել հանրային խոսքին և լրագրողների հետ շփումներին, ինչպես նաև մեդիա հարթակներում ներկայացնել միայն նախապես ստուգված և փաստարկված տեղեկատվություն։
«Ջրային ռեսուրսների արդյունավետ և մասնակցային օգտագործում» ծրագրի գործընկեր Վեդի, Փոքր Վեդի, Առատաշեն և Երասխահուն համայնքների երիտասարդները պատրաստեցին լրատվական նյութեր՝ իրենց համայնքների համար կարևոր հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ ջրային ոլորտի հիմնախնդիրների, որոնք պետք է հրապարակվեն առաջիկայում։

Մասնակիցների շարքում էին գործընկեր համայնքների ավագանու երիտասարդ անդամներ, համայնքային աշխատանքային խմբերի, ՋՕԸ-ի ներկայացուցիչներ, ուսանողներ և ապագա լրագրողներ, ովքեր շահագրգիռ են ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարմամբ։

Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից։