ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի մեկնարկ

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի մեկնարկ

Ս.թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ազդարարեց «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագրի մեկնարկը։  Ծրագրի հանրային մեկնարկին ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ջ. Ալելոն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Դելոյթ Քնսալթինգ»-ի գլխավոր տնօրեն Դեյվիդ Սպիրան, ՀՀ կառավարության պաշտոնատար անձինք, գործընկեր համայնքների ղեկավարներ, գիտակրթական հաստատությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:          

Ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումների բարելավումը չափազանց կարևոր է Հայաստանի Հանրապետության համար՝ ստեղծելու ջրային ռեսուրսների հասանելիության հնարավորություններ, միաժամանակ ապահովելով բնապահպանական թողքերը և ջրի որակը՝ քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով:

Ջրային ռեսուրսների կառավարման բարելավումը մեծ անհրաժեշտություն է Հայաստանի համար՝ ջրի հասանելիությունը մեծացնելու նպատակով, միևնույն ժամանակ պահպանելով շրջակա միջավայրի ամբողջականությունը և քաղցրահամ ջրային ռեսուրսների որակը: Ջրային ռեսուրսների գերածախսը թերի կառավարման արդյունք է: Այսպիսով, առկա է բնական ռեսուրսների կառավարման և բաշխման մոտեցումների վերափոխման անհրաժեշտություն՝ տնտեսական և բնապահպանական պահանջներին արձագանքելու և կայուն տնտեսական աճ ապահովելու նպատակով:

Ողջույնի խոսքում ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Լեյթինենը շնորհակալություն հայտնեց գործընկերներին և շահագրգիռ կողմերին՝ նշելով. «Ջրային ռեսուրսների կայուն կառավարումը, այդ թվում նաև ռեսուրսների պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը, ջրի հասանելիության բարելավումը և կայունության ու տնտեսական զարգացմանն ուղղված ավելի լայն տարածաշրջանային համագործակցությունը կհանգեցնի զգալի արդյունքների։ Ես հատկապես ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումը նշանավորում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի մեկնարկը, որը կօգնի Հայաստանին բարելավել իր ջրային ռեսուրսների կառավարումը»:

Հնգամյա այս ծրագիրն իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադո Բոլդեր համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի հետ համատեղ գործընկերությամբ։ Ծրագիրն իրականացվելու է շահակիր կողմերի լայն շրջանակի՝ պետական և տեղական իշխանությունների ու գերատեսչությունների, քաղհասարակության կառույցների, ջրօգտագործողների ընկերությունների, հետազոտական հաստատությունների և լրատվամիջոցների հետ համատեղ։

«Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսված են հետևյալ աշխատանքները՝ նորարար, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառում, ջրային կառավարման բարելավում, խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի բարելավմանն ուղղված փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում՝ դեպի սոցիալապես խոցելի համայնքներ և շահակիր կողմեր ուղղվածությամբ, ինչպես նաև հարևան պետությունների հետ համագործակցությամբ։ 

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրն իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»- ի կողմից՝ «Ուրբան» կաայուն զարգացման հիմնադրամի, « Կոլորադո Բոլդեր» համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի հետ համատեղ։