Շուրջօրյա ջրամատակարարում Առատաշենում

Շուրջօրյա ջրամատակարարում Առատաշենում

Ս․թ․ հունիսի 24-ին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը։ Այս աջակցության շնորհիվ ծրագրի շահառուները՝ Առատաշեն համայնքի 3200 բնակիչները կունենան շուրջօրյա որակյալ ջրամատակարարում՝ նախկին չորս ժամվա փոխարեն։ 
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցեցին համայնքային միջոցառմանը և միասին գործարկեցին նոր պոմպը։ Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին գյուղով, հանդիպեցին շահառուներին և տեսան նոր տեղադրված ջրամատակարարման համակարգի աշխատանքը։ 
Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներն իրականացվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագրերի, ինչպես նաև համայնքի համատեղ ջանքերով։ Վերակառուցվել է 10 կմ երկարությամբ ցանցը՝ պոլիէթիլենային խողովակաշարով, տեղադրվել են ջրաչափական սարքեր, ներդրվել է ջրամատակարարման ծառայությունների հաշվառման և վճարների հավաքագրման նոր համակարգ, ինչպես նաև կառուցվել են նոր պոմպակայան և քլորակայան։ Ցանցի բարելավման շնորհիվ համայնքը կկարողանա խնայել տարեկան 557,000 խորանարդ մետր ջուր և 204 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա։