«Ուրբան հիմնադրամի» հոբելյանական 20-ամյա հանգրվանի ազդեցությունը
2024թ նշանակալի էր՝ «Ուրբան հիմնադրամի» համար․ Հիմնադրամը տոնեց իր գործունեության 20-ամյակը։ Այս երկու տասնամյակները նշանավորվեցին ազդեցիկ ծրագրերի միջոցով Հայաստանի համայնքների կայուն ու ներդաշնակ զարգացմանը, ծառայությունների բարելավմանը խթանող բացառիկ նվիրվածությամբ ու հանձնառությամբ։

«Ուրբան հիմնադրամը» ստեղծվեց 2004 թ ապրիլին՝ Վաշինգտոնի «Ուրբան ինստիտուտի» (Urban Institute) և նրա հայաստանյան նվիրյալ թիմի ջանքերով։ Թիմը 2000-2004թթ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ հաջողությամբ իրականացրեց Հայաստանի՝ Երկրաշարժի գոտու վերականգնման ծրագիրը, որը երկրաշարժից տուժած 7,000 ընտանիքների ապահովեց մշտական կացարաններով։
Մեր ուղին նշանավորվել է նորարարական մոտեցումներով, համագործակցությամբ և շոշափելի արդյունքներով։ Հետադարձ հայացք նետելիս առանձնանում են մի շարք կարևոր ձեռքբերումներ․ իրականացրել ենք ավելի քան 100 ծրագիր, որոնք ուղղված են եղել ենթակառուցվածքների բարելավմանը, իրավա-քաղաքական բարեփոխումներին, կենսական ծառայությունների մատչելիությանը, տասնյակ-հազարավոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։ Համայնքների զարգացման ու կարողությունների հզորացման մեր նախաձեռնությունները քաջալերել են հանրային մասնակցությունը՝ ձևավորելով սեփական համայնքի նկատմամբ պատասխանատվության ու սեփականատիրոջ զգացում։ Ճարտարապետա-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ մեր ծրագրերը ապահովել են պատմական վայրերի պահպանությանը, Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության արժևորմանը։
Միշտ առաջնորդվելով յուրաքանչյուր համայնքին բնորոշ կարիքների խոր ըմբռնման գիտակցութամբ՝ մենք առաջնորդվել ենք տվյալների ու հետազոտությունների վրա հիմնված պլանավորմամբ՝ ապահովելու մեր նախաձեռնությունների երկարաժամկետ կայունությունը։ Միաժամանակ, մեր աշխատանքի ազդեցություն բազմապատկելու նպատակով, «Ուրբան հիմնադրամի» գործունեության հիմքում դրվել է սերտ համագործակցությունը պետական մարմինների, համայնքների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ։
Թվերն ավելի խոսուն են։ Վերջին 20 տարիներին, Հայաստանի բոլոր 10 մարզերում և Երևանում, 45 բազմաբնակավայր համայնքում և ավելի քան 150 բնակավայրում իրականացված ավելի քան 100 ծրագրի միջոցով դրական փոփոխություններ են տեղի ունեցել ավելի քան 300,000 մարդու կյանքում։
Այս հաջողությունը անհնարին կլիներ առանց մեր գործընկերների անշահախնդիր աջակցության։ Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում մեր աջակիցներին (պետական կառույցներին, միջազգային կազմակերպություններին, անհատ բարերարներին և մասնավոր հատվածին), որոնց առատաձեռն ներդրումները մեզ հնարավորություն է տվել կյանքի կոչել մեր նպատակները։ Մենք նաև երախտապարտ ենք մեր Խորհրդատուների խորհրդին, որի փորձն ու խորհուրդներն ուղղորդել են մեր ռազմավարական նախաձեռնությունները, երախտապարտ ենք մեր նվիրյալ աշխատակազմին և հոգաբարձուների խորհրդին, որոնց շարունակական ջանքերն ու հանձնառությունն անգնահատելի են եղել մեր ձեռքբերումներում։ Միասին մենք շարունակելու ենք կերտել կենսունակ, դիմակայուն և ինքնաբավ համայնքներ՝ մեր գալիք սերունդների համար։ Մեր գործը դեռ անավարտ է։
Այս 20-ամյա հանգրվանը միայն մեր անցյալի ձեռքբերումներն արձանագրելու առիթ չէ։ Սա նաև ապագայի նկատմամբ մեր հանձնառության վերահաստատումն է։ Նայելով ապագային՝ մենք շարունակելու ենք նպաստել Հայաստանի համայնքների զարգացմանը և լավ կառավարմանը խոչընդոտող նոր մարտահրավերների հասցեագրմանը։