Աջակցություն Ադրբեջանի կառավարության կողմից բռնի տեղահանված Արցախի խոցելի ընտանիքների առաջնային կարիքներին Վարդենիս և Ճամբարակ համայնքներում
Դեկտեմբերի 1, 2023թ — փետրվարի 29, 2024թ
«Ուրբան» հիմնադրամը` «Choose Love» բարեգործական կազմակերպության առատաձեռն աջակցությամբ հպարտ է Հայաստանի սահմանամերձ Ճամբարակ (91 ընտանիք) և Վարդենիս (21 ընտանիք) բնակավայրերի 112 հարկադիր տեղահանված արցախցի ընտանիքների (429 արցախցիների) կենսապայմանների բարելավմանն ուղղված իր համեստ ներդրմամբ։
Գնահատված առաջնահերթ կարիքներին հիման վրա՝ «Ուրբան» հիմնադրամը արցախցի հայրենակիցներին տրամադրել է 73 սառնարան, 3 էլեկտրական ջրատաքացուցիչ, 10 մահճակալ և ներքնակ, 4 զգեստապահարան, 3 սեղան և 12 աթոռ, 1 խոհանոցի կահույք, 16 լվացքի մեքենա, 7 գազօջախ, 10 էլեկտրական վառարան և 8 հեռուստացույց։
Հատկանշական է, որ 3 ընտանիք ստացել է աշխատանքային գործիքներ, կարի մեքենա, և համակարգիչ, որոնք հնարավորություն կտան եկամտի կայուն աղբյուր ապահովել ընտանիքների համար։
«Այս օգնությունն իր մասշտաբով ամենամեծն էր արցախյան ընտանիքներին աջակցող այլ նախաձեռնությունների շարքում»,- ընդգծել է Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի ավելի քան 100 000 բնակիչ՝ ամբողջ բնակչությունը, մի քանի օրվա ընթացքում բռնի տեղահանվեց իր պատմական հայրենիքից՝ 9 ամիս տևած տոտալ հումանիտար շրջափակումից հետո։ Սովի և բնաջնջման վտանգով պայմանավորված նման զանգվածային ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն՝ ստեղծեց հումանիտար ճգնաժամ, քանի որ տեղահանված արցախցիները ոչինչ չէին հասցրել վերցնել իրենց հետ։