Ոռոգման ջուրը հասավ Սյունիքի Տեղ սահմանամերձ բնակավայր
Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ բնակավայրը «Ուրբան» հիմնադրամի հաջողությամբ ավարտված հերթական ծրագրի նպատակակետն է։ Գարնանը, ոռոգման շրջանի սկզբին, բնակավայրի 337 հա անջրդի հողեր կստանան ոռոգման ջուր և 390 ընտանիքներ, որոնց մի մասը բռնի տեղահանված է Արցախից, հնարավորություն կունենան ավելացնել եկամուտները՝ անցում կատարելով բարձրարժեք գյուղմթերի արտադրության։
Այս ծրագիրը դոնորների հաջող համագործակցության օրինակ է, որոնց ի մի է բերել «Ուրբան» հիմնադրամը։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԳԷՀ/ՓԴԾ ծրագրի միջոցներով վերկանգնվել է ոռոգման համակարգի մաս կազմող բաշխիչ ավազանը և տեղադրվել արևային վահանակներ՝ պոմպերն աշխատեցնելու համար։ Լիտվայի դեսպանատան միջոցով ստացված ԵՄ ֆինանսավորումը ուղղվել է պոմպակայանի շինարարությանը։
Իր հերթին, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը ձեռք է բերել և համայնքին տրամադրել արդիական էներգախնայող պոմպեր և հոսքաչափեր։
Միջոցների նման հավաքագրումը հնարավորություն տվեց համայնքին ձեռնարկել այս թանկարժեք ու հավակնոտ ծրագիրը և ապահովել սուբվենցիոն միջոցներ պետական բյուջեից, ինչը և դարձավ ծրագրի ֆինանսական հիմքը։
Ծրագրի ազդեցությունը անհնար է գերագնահատել Տեղ սահմանապահ համայնքի սոցիալական ու տնտեսական բարեկեցության համար, որտեղ հանգրվանել են հարյուրավոր տեղահանված արցախցիներ։







