Հանրային-մասնավոր համագործակցություն «Մաքուր Դաշինք» ծրագրի շրջանակներում

«Ուրբան» հիմնադրամի եւ Գորիս, Գորայք եւ Սիսիան գործընկեր համայնքների կողմից իրականացվող եւ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մաքուր դաշինք» ծրագիրը համագործակցության առաջին փորձն արեց ամերիկյան Կոտուր Գլոբալ ընկերության հետ։ Սեպտեմբերի 18-ին Գորիս համայնքում իրականացված մաքրության միոցառումների համար ընկերությունը ոչ միայն հոգաց անհրաժեշտ ծախսերը, այլեւ վերատպեց «Ուրբան» հիմնադրամի պատրաստած պլաստիկ թափոնների հետ ճիշտ վարվելու վերաբերյալ դպրոցականներին ուղղված գրքույկը, բնապահպանական պատգամներով պաստառներ։
Սա համայնքապետարանի, բիզնեսի եւ հասարակական կազմակեպության՝ հանրային-մասնավոր համագործակցության առայժմ եզակի օրինակներից է, որտեղ կարեւոր է ոչ այնքան կողմերի ներդրած միջոցները, այլ փոխլրացնող համագործակցության փաստը։
Մաքրության օրը մեծ ոգեւորություն էր առաջացրել օրըստօրե բարեկարգվող Գորիսում։ Համայնքի բնակիչների հետ միասին միջոցառմանը մասնակցում էին Գորիսի կայազորի զինվորներն ու սպաները։ Նրանք ցանկություն հայտնեցին իրենց կայազորի տարածքում եւս տարանջատել պլաստիկ թափոնները եւ ավելին իմանալ դրանց բնապահպանական ազդեցության մասին։
Գորիս, Գորայք եւ Սիսիան համայնքներում սկսվել է պլաստիկ թափոնների տարանջատման գործընթացը։ Այդ նպատակով «Մաքուր դաշինք» ծրագիրը տեղադրել է պլաստիկի տարանջատման 105 եւ կենցաղային այլ թափոնների համար նախատեսված 260 աղբարկղեր, գնվել է 2 աղբատար մեքենա, շուտով ձեռք կբերվեն մամլիչներ պլաստիկ թափոնների սեղմման համար։