Փոխըմբռնման հուշագիր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ

2018թ. Մարտի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր՝ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված նորաստեղծ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների խթանման վերաբերյալ։

Հուշագրի շրջանակներում ՏԻՄ-երի կարողությունների զարգացման նպատակով «Ուրբան» հիմնադրամը կաջակցի նախարարության բարեփոխումներին և զարգացման ծրագրերին, կնպաստի հանրային կառավարման ոլորտում լավագույն փորձի ներդրմանը, կիրականացնի ծրագրեր ՏԻՄ թիրախային ոլորտներում, կտրամադրի փորձագիտական աջակցություն և կաջակցի ՏԻՄ ոլորտում ռազմավարությունների և ծրագրերի մշակմանը։

Կարևորելով փոխգործակցության հաստատումը փոխնախարար Վ. Կարապետյանն ընդգծեց, որ խոշորացված և խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների վերապատրաստումը կարևոր թիրախներից մեկն է։ «Մենք պետք է կարողանանք համայնքների տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն մշակել, կազմել ծրագրեր և ներկայացնել գործադիր մարմին։ Իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել տնտեսական պատասխանատուների մասնագիտական կարողությունները»,- ասել է փոխնախարարը։