Աշխատանքային խմբի առաջին նիստ

2017 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում ստեղծված Աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից իրականացվող ջրային ոլորտի քաղաքականության և օրենսդրության իրավական վերլուծության արդյունքները:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը, «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչ Հայաստան Ստեփանյանը և ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Իսկոյանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀԱՀ-ի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի, ԳԱՏՕ ծրագրի փորձագետները, Վեդի և Եղեգնուտ համայնքների ղեկավարները և այլն:
ԵՊՀ փորձագետները ներկայացրեցին իրավական վերլուծության արդյունքները` բացահայտված խնդիրների մանրամասն վերլուծությամբ, ներառյալ իրավապահ պրակտիկայի իրավական բացերն ու բացթողումները:
Մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց դիրքորոշումները կոնկրետ հարցերի վերաբերյալ, քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր:

Հանդիպումն ավարտվեց աշխատանքային խմբի անդամներին իրավական վերլուծության ամբողջական տարբերակը ուղարկելու համաձայնությամբ: Արդյունքում ներգրավված պետական մարմինների և կազմակերպությունների դիրքորոշումը կներկայացվի Ծրագրի անձնակազմին և փորձագետներին: Աշխատանքային խմբի հետագա հանդիպումները կկազմակերպվեն ինչպես բոլոր անդամների մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների ձևաչափով, այնպես էլ՝ փոքր խմբերի հետ ուղղված կոնկրետ հարցերի:
Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից։