Իրավական վերլուծության արդյունքների ներկայացում “Ջրային ռեսուրսների կառավարման իրավական կարգավորման և քաղաքականության շրջանակները. փոփոխությունների հեռանկարների գնահատումն ու լրամշակումը։”

Ս.թ. նոյեմբերի 30-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավաբանական բաժնի և «Հակոբյան բնապահպանական կենտրոն»-ի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում` ներկայացնելու ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից իրականացված իրավական վերլուծության արդյունքները: Հանդիպմանը ներկա էին ՀԱՀ-ի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև այլ մասնակիցներ:
Հանդիպումը բացեց ՀԱՀ իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար Ադա Բաղդասարյանը , որին հաջորդեցին ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանի և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Աիդա Իսկոյանի ներկայացումները։
Իրավական վերլուծության հիմնական արդյունքները ներկայացրեց ծրագրի փորձագետ Հեղինե Գրիգորյանը: Իր ելույթի մեջ նա հատուկ ընդգծեց մասնակցային գործընթացը և ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, թափանցիկության խնդիրները, տեղեկատվության հասանելիությունը, ջրօգտագործման թույլտվության և լիցենզավորման ընթացակարգերը: Ներկայացումը եզրափակվեց հետազոտական աշխատանքների համար առաջարկվող թեմաների ցուցակով:
Այնուհետև մասնակիցները ունեցան հարցեր և մեկնաբանություններ հղելու հնարավորություն, որոնք վերաբերում էին հիմնականում ՇՄԱԳ և լիցենզավորման, ջրային տեղեկատվության համակարգի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագների, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման հետ կապված որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության խնդիրներին:
Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից։